loading...

Խնդրում և հորդորում եմ ձեռնպահ մնալ և չկայացնել … Շատ բաց նամակ պարետին

Խնդրում և հորդորում եմ ձեռնպահ մնալ և չկայացնել այս կամ այն օբյեկտի գործունեությունը կասեցնելու մասին որոշումներ կամ հրաժարվեք նման գործելաոճից և գործողությունների տրամաբանությունից, քանի դեռ չեք ստացել Ձեր կամ վարչապետի աշխատակազմի ստորաբաժանումների ու մասնագիտական շրջանակների կոմպետենտ կարծիք այս կամ այն մարմնի կատարած գործողությունների, դրանց օրինականության և իրավաչափության վերաբերյալ, որի համար անհրաժեշտ են կատարված գործողությունների փաստաթղթավորումները:

Այսօր հերթական անգամ հրապարակվեց տեղեկատվություն, ըստ որի պարետի 2020թ մայիսի 21-ի որոշումով կասեցվել է հանրային սննդի 9 օբյեկտների աշխատանքը 24 ժամով՝ այս անգամ էլ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ տեսուչների իրականացրած մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով, որոնք վերաբերվել են պարետի որոշմամբ սահմանված դիմակ և ձեռնոցներ կրելու, սեղանների սոցիալական հեռավորության պահպանման, հաճախորդներին ջերմաչափելու և այլ սանիտարահիգիենիկ նորմերի պահանջների խախտմանը:

Մեկ այլ տեղեկատվությամբ հանրությանը շտապում են տեղեկացնել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կատարած լայնածավալ մշտադիտարկումների և արձանագրած խախտումների մասին, որոնց հիմքով մարտի 23-ից մինչ օրս պարետի որոշումներով կասեցվել է 580 մեծ ու փոքրի տնտեսավարողի /սուպերմարկետների ցանցերի մասնաճյուղեր, արտադրություններ, շինարարաություններ, դեղատներ, վարսավիրանոցներ և այլն/գործունեություն:

Տեղեկացնում եմ, որ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրավասու է իրականացնել մշտադիտարկում՝ բացառապես անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում, այսինքն՝ մշտադիտարկումները լինում են անասնահամաճարակային և բուսասանիտարական, որոնք ընդհանրապես կապ չունեն և չեն վերաբերում դիմակ և ձեռնոց կրելու, սեղանների սոցիալական հեռավորության, հաճախորդների ջերմաչափման և առհասարակ, սանիտարահիգիենիկ նորմերին, որովհետև անասնահամաճարակային և բուսասանիտարական մշտադիտարկումների նպատակն ու խնդրո առարկան բոլորովին այլ են և որևէ իրավական հիմքով կամ առողջ տրամաբանությամբ դրանք ուղղակի չեն կարող կիրառվել վերը նշված պահանջների պահպանման նկատմամբ /հիմք՝

<<Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին>> ՀՀ օրենքի 11-12-րդ հոդվածներ, որոնցով հստակ սահմանված են թե այդ մշտադիտարկումների տեսակները, թե դրանց նպատակն ու դեպքերը/: Ավելորդ չեմ համարում նշել, որ նշված պահանջների պահպանման նկատմամբ չի կարող կիրառվել նաև օրենքի 8-րդ հոդվածով սահմանված դիտարկում և 9-րդ հոդվածով սահմանված աուդիտ վերահսկողության ձևերը, հետևաբար հարց է առաջանում, թե ի՞նչ իրավական հիմքով և ինչպե՞ս կարող էր վերոգրյալ պահանջների նկատմամբ մշտադիտարկում, այն էլ հանրապետության ողջ տարածքում կատարել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

Հաշվի առնել, որ դիմակ և ձեռնոցներ կրելու, սեղանների սոցիալական հեռավորության պահպանման, հաճախորդներին ջերմաչափելու պահանջները չեն հանդիսանում սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի վերահսկողության խնդրո առարկա: Սննդամթերքի անվտանգության ոլորտին առնչվող սանիտարահիգիենիկ պահանջները՝ սանիտարական կանոններն ու հիգիենիկ նորմերը, հաստատված են ՀՀ առողջապահության նախարարի նորմատիվ հրամաններով, որոնց մեջ առնվազն՝



loading...



սեղանների կամ անձանց սոցիալական հեռավորության կամ ջերմաչափման կամ հաճախորդների դիմակ ու ձեռնոց կրելու պահանջ չկա, սահմանված չեն, բացի այդ, նշված պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորություն և գործառույթ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին օրենսդրությամբ վերապահված չէ /հիմք՝ <<Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին>> ՀՀ օրենքի 6-րդ հոդված/:

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:


Ակնհայտ է, որ այս դեպքում հանրապետության ողջ տարածքում կատարված տեսչական մարմնի մշտադիտարկումներն օրենքից դուրս են, իրավաչափ չեն, ուստի չեն կարող առաջացնել որևէ իրավական հետևանք, սակայն օրինաչափ են, քանի որ այսպիսին է մարմնի վերջին 2 տարվա գործելաոճը: Հարց է առաջանում, թե ո՞վ է պատասխանատու տեսչական մարմնի անօրինական գործողությունների համար, քանի որ մյուս հարցն էլ այն է, թե այդ մշտադիտարկումները կատարվել են վերադասի հանձնարարությամբ, թե՞ մարմնի սեփական նախաձեռնությամբ:

Մյուս կողմից էլ ստացվում է ի՞նչ, այն, որ տարբեր մարմիններ, օրինակ՝ տեսչական մարմիններ փաստացի գործողություններ են կատարում նույն տնտեսավարողի մոտ և նույն պահանջների՝ դիմակ և ձեռնոցներ կրելու,

ջերմաչափման, ախտահանման և այլն, պահպանման նպատակով, ինչն ուղղակի անթույլատրելի է՝ բիզնեսի նկատմամբ կրկնակի վարչարարության, պետական տարբեր մարմինների գործառույթների կրկնորդման և այլ բացասական տեսանկյուններից՝ չհաշված այդ պահանջների նկատմամբ մշտադիտարկումներ կամ այլ ձևակերպումով գործողություններ կատարելու լիազորությունների իրավական հիմքերը և իրավաչափությունը:

Ինչ վերաբերում է հանրային սննդի օբյեկտի կամ առհասարակ որևէ տնտեսավարողի գործունեության կասեցմանը, գաղտնիք չէ, որ կասեցումն ինքնին վարչարարություն և վարչական վարույթի մաս է, իսկ գործունեության կասեցման որոշումը՝ միջամտող վարչական ակտ:

Հրապարակային հարցեր.

ա/ ի՞նչ սկզբունքների կամ մոտեցումների հիման վրա են որոշվում այս իրավիճակում կասեցման ենթակա տնտեսավարողները, կասեցման ժամկետը, արդյո՞ք այդ սկզբունքները կամ մոտեցումները որևէ կերպ սահմանված են, մասնավորապես՝ վերը նշված պահանջներից մե՞կը, թե՞ մի քանիսը խախտելու, թե՞ պահանջներից մեկը հենց առաջին անգամ խախտելու, թե՞ շարունակաբար խախտելու,

թե՞ պահանջների խախտումները վերացնելու հանձնարարականները կամ ցուցումները մեկ կամ մի քանի անգամ խախտելու համար և այլն: Պետք է փաստել, որ թվարկվածները տարբեր դեպքեր են և վիճակներ՝ դրանից բխող ռիսկերով և հետևանքներով, ուստի դրանց նկատմամբ վարչարարությունը, պատասխանատվությունն ու սահմանափակումները պետք է միանշանակ տարբերվեն՝ հաշվի առնվեն բազմաթիվ հանգամանքներ:

Չի կարող բոլորի դեպքում լինել նույն սահմանափակող միջամտությունը և փաստացի նույն հետևանքը առաջացնել, որն ուղղակի ողջամիտ ու համաչափ չէ:

բ/ եթե հանրապետության ողջ տարածքում տեսչական մարմինն իրականացրել է մշտադիտարկումներ՝ անկախ այն հանգամանքից՝ սեփական նախաձեռնությամբ է, թե ոչ, ապա ի՞նչ հիմքով, ինչպե՞ս և ի՞նչ ընթացակարգով է այդ վարույթի շրջանակներում կասեցման որոշումը կայացրել պարետը,

գ/ եթե նույնիսկ ենթադրենք, որ դիմակ կամ ձեռնոց կրելու կամ սոցիալական հեռավորության կամ ջերմաչափման կամ այլ պահանջի նկատմամբ վերահսկողության լիազորությունը սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կամ էլ առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնի իրավասությունն է և մշտադիտարկումն էլ նախատեսված է այդ պահանջների պահպանման նկատմամբ, ապա արդյո՞ք իրատեսական և տրամաբանական է պարետի որոշումը, որովհետև տեսչական կամ վերահսկողական փաստացի պրակտիկան փաստում է,

որ հանրապետության ողջ տարածքում որևէ գործողությամբ խախտում հայտնաբերելուց հետո մի քանի օր, եթե ոչ շաբաթ ժամանակ է պահանջվում միայն այդ արդյունքներն ամփոփելու և մարզերից կենտրոնական մարմին հասցնելու, հետագա վարչարարություն կիրառելու համար: Ի՞նչ է սա նշանակում, այն, որ պարետի որոշումով 24 ժամով կամ այլ տևողությամբ տնտեսավարողի գործունեությունը կասեցնելը /մի կողմ դրած իրավաչափությունը, համաչափությունը/ ժամանակավրեպ է և արդյունավետության տեսակետից խիստ խնդրահարույց, որովհետև միանշանակ է,

որ արձանագրված խախտումների մասին տեղեկատվությունը պարետին չի հասնում և չի կարող հասնել ակնթարթորեն՝ դրանց արձանագրումից անմիջապես հետո, իրականում այն հասնում է խախտումը հայտնաբերելուց շատ ավելի ուշ, հետևաբար պարետը որոշում է կայացնում արդեն անցած ժամանակահատվածի և այդ ժամանակահատվածում կատարված խախտման համար, որից հետևում է, որ շարունակվում է տնտեսավարողի կողմից հանրության համար վտանգավոր այս կամ այն պահանջի խախտումը՝

մինչև պարետի որոշումը կամ էլ հարց է առաջանում, թե ի՞նչ է արվում խախտում հայտնաբերող մարմնի կողմից՝ մինչև պարետի որոշումով գործունեության կասեցումը:

Մի կողմ դրած իրավական կողմը՝ ողջամիտ տրամաբանությամբ գործնականում խախտում հայտնաբերող մարմինն էլ պատասխանատու է և համապատասխան միջոց է ձեռնարկում օրենքով կատարված վերահսկողության կամ այլ գործողության ժամանակ անհապաղ միջամտող ակտով կամ որոշման կայացման միջոցով դադարեցնել խախտումը՝ հանրության անվտանգության գերակա անհրաժեշտությունից ելնելով /որոշ հնարամիտ շրջանակներ կարող են արդարանալ, թե խորհրդատվություն կամ այլ հնարովի գործողություն է կատարվում, ինչը չի հիմնավորվում, որովհետև խորհրդատվությունն ինքնին պարտադիր բնույթ կամ նորմ չէ և չի կարող պարտադիր կատարման ենթակա լինել կամ պարտադիր կատարումից բխող հետևանք առաջացնել/:

Իսկ եթե խախտում հայտնաբերող մարմնի հանձնարարականը չի կատարվել, ապա դրա համար պետք է որևէ միջամտություն կամ պատասխանատվություն կիրառի մարմինը, այլ ոչ թե ինչ-որ ժամանակ հետո՝ պարետը:

Պարզ ասած՝ եթե խախտում արձանագրած մարմինը կոնկրետ գործողությամբ և վարչական ակտով պարտադրում է խախտումը վերացնել, ապա այն պարտադիր պետք է կատարվի /եթե չի կատարվում՝ պետք է կիրառվի պատասխանատվության միջոց, հակառակ դեպքում՝ մարմնի հանցավոր անգործություն է՝ հանրության առողջության անվտանգության ապահովման տեսակետից/, իսկ այս դեպքում ստացվում է կրկնակի և նույնատիպ վարչարարություն,

օրինակ՝

սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից օրենքով սահմանվածանասնահամաճարակային կամ բուսասանիտարական մշտադիտարկումներից մեկը կատարելիս խախտումներ հայտնաբերելու դեպքում պետք է տրվի պարտադիր կատարման առաջադրանք կամ սահմանված գործողությունների հանձնարարական, որի չկատարումը ենթադրում է պատասխանատվության միջոցի կիրառում մարմնի կողմից և այս պարագայում զուգահեռաբար կիրառվում է տնտեսավարողի նկատմամբ սահմանափակում՝

պարետի որոշումով գործունեության կասեցման ձևով կամ էլ խախտում հայտնաբերող մարմինը ոչինչ չի ձեռնարկում՝ խախտելով օրենքը, սպասում է մինչև խախտումների մասին արդյունքները հասնեն պարետին, դրանց հիման վրա որոշում կայացվի, որի դեպքում էլ աբսուրդն այն է, որ այդ ընթացքում խախտում ունեցողը կարող է կամ փաստացի շարունակում է գործել՝ պահանջները խախտումով, եթե անտեսի կամ չկատարի մարմնի առաջադրանքները կամ հանձնարարականները:

Վերջում հարցեր՝ իրականում ի՞նչ տրամաբանություն, սկզբունքներ, ընթացակարգ է գործում պարետի կասեցման որոշումներին նախորդող գործողություններում, ովքե՞ր են պատասխանատու պարետի կողմից տնտեսավարողների գործունեության կասեցման որոշումների նախապատրաստման համար,

արդյո՞ք այդ որոշումների կայացման համար հասանելի են այս կամ այն մարմնի կատարած վարչարարության և վերահսկողության փաստաթղթավորումները, թե՞ պարետի որոշումները կայացվում են ինչ-որ մարմնի և կատարած գործողությունների նկատմամբ անվերապահ վստահությամբ, թե՞ կրում են ձևական բնույթ՝ հիմնված լինելով մարմնի ներկայացրած ինչ-որ ցուցակի վրա, որտեղ նշված են պահանջները խախտող տնտեսավարողները: Իսկ որևէ մեկի մտքով անցե՞լ է,

որ այս կամ այն մարմինը նման իրավիճակում կարող է կատարել անօրինական գործողություններ, թույլ տալ կամայականություններ և չարձանագրել բոլոր խախտումներն ու խախտող տնտեսավարողներին կամ էլ կեղծել իրականությունը, իսկ կա՞ն մեխանիզմներ և պատասխանատուներ՝ համաճարակային արտակարգ իրավիճակում այս կամ այն մարմնի կողմից որոշակի տեղում կամ հանրապետության ողջ տարածքում կատարվող մշտադիտարկումների կամ ցանկացած այլ անվանումով գործողությունների օրինականությունն ու իրականությունը բացահայտելու համար, թե՞ վստահ են կամ համոզված, որ երբևէ և որևէ մեկի կողմից այդ որոշումները չեն վիճարկվելու կամ բողոքարկվելու՝ դրանից բխող հետևանքներով:

Сообщение Խնդրում և հորդորում եմ ձեռնպահ մնալ և չկայացնել … Շատ բաց նամակ պարետին появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

Facebook Comments

Կորոնավիրուսի տարածման Հայաստանյան վիճակագրությանը կարող եք հետևել այս կայքում՝ ԱՅՍՏԵՂ

loading...