>

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց դիմում և նմուշառվում են բացառապես կլինիկական դրսևորումներ և գանգատ ունեցող մարդիկ, և նրանց շրջանում կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառումն այստեղ անցնում է 200-ից: Այս մասին «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի ժամանակ հայտնեց հիվանդանոցի բժիշկ-վարակաբան Նաիրա Ստեփանյանը։ Ըստ նրա` օրական միջինը 250 նմուշառում է արվում, նախկինում այդ թիվը մոտ 100 էր:

Բժիշկը նշեց, որ Հայաստանում ևս 3 լաբորատորիա է կատարում կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում և հետազոտություն:

Նաիրա Ստեփանյանն ասաց` օրինակ` «Նորքի» հիվանդանոց են դիմում հիմնականում նրանք, որոնք մեկ շաբաթ արդեն տանն են, չեն կարողանում այլևս ինքնուրույն շնչել, պայքարել հիվանդության դեմ ինքնուրույն, և այդ ընթացքում էլ նրանք հասցնում են վարակել իրենց հարազատներին: Հետևաբար, ըստ մասնագետի` վարակակիրների թիվն ավելանալու է, և հավանական է, որ ինչպես առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանն էին ասել, արդեն հունիսի 12-ին դեպքերի թիվը հասնի 20 հազարի:




Քոչարյանի զոհերը

Ինչ վերաբերում է նրան, որ ասիմպտոմ դեպքերը այլևս բուժում են ստանում տանը, ապա բժիշկ-վարակաբանը նկատեց.- «Վիճակը դժվարին է այնքանով, որ այո հիվանդանոցներում տեղ չկա, ու հիվանդանոցային բուժում պետք է ստանան դրա կարիքն ունեցող պացիենտները, սակայն անախտանիշ պացիենտները ևս հսկողության տակ պետք է լինեն իրենց տեղամասային թերապևտի հսկողության տակ, վարակվելուց 2-րդ շաբաթվա ընթացքում նրանց մոտ կարող է զարգանալ հիվանդության բնորոշ ախտանիշներից մեկը, օրինակ` թոքաբորբ»:




Ստորև՝ հատված հարցազրույցից.

«Եկեք մեկ օր կանգնեք Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի բակում»

«Ազատություն». — Դուք ամեն օր տեսնում եք այդ հիվանդներին: Ի՞նչ կարող եք ասել այն մարդկանց, ովքեր ժխտում են, ասում են՝ «նման բան չկա, մինչև աչքովս չտեսնեմ, չեմ հավատա», ասում են՝ «սուտ է, նման բան գոյություն չունի»: Խնդրում եմ, Դուք շատ ավելի լավ կասեք այդ մասին:


Նաիրա Ստեփանյան. — Այո, ես շատ ավելի լավ կասեմ, հավատացեք՝ էնպիսի դեպքեր են լինում, էնպիսի իրավիճակներ են լինում, և մենք, մեզնից յուրաքանչյուրը մի փոքր անկյուն է գտնում, նստում, սկսում է լաց լինել, որպեսզի այս հույզերը կարողանա կառավարել պացիենտի մոտ:

Դուք հասկանո՞ւմ եք, երբ որ պացիենտը գալիս է՝ երիտասարդ է, միջին տարիքի կին է, կամ քրոնիկ հիվանդություններով ինչ-որ մեծահասակ մարդ է, և զուտ շնչելու հնարավորություն չունի, որովհետև ինքը չի կարողանում շնչի, որովհետև թոքը ախտահարված է, և դու նայում ես և տեսնում ես, և շատ քիչ հնարավորություն ունես այդ պահին օգնելու, մինչև պացիենտը կընդունվի, կգնա հիվանդասենյակ, և կկարողանաս դու նրան օգնել:


Ես ուզում եմ, որ ցանկացած քաղաքացի մի պահ պատկերացնի, թե ինչ կարող է կատարվել իր հետ, կամ իր հարազատի հետ, անգամ եթե ինքը թեթև տանի, իր ծանր, քրոնիկ հիվանդություններ ունեցող հարազատների հետ:

Հավատացեք, այս վիրուսով հիվանդացության ժամանակ առաջանում է բավականին լուրջ թոքաբորբ, և այդ թոքաբորբերի բուժման, վարման տակտիկան հիմա ամբողջ աշխարհում նույնն է, սակայն վերջնական բուժումը հայտնաբերված չէ: Մենք անում ենք այն ամենը, ինչ որ արվում է ամբողջ աշխարհում, բայց մահացության դեպքերը շարունակելու և շատանալու են վարակվածների թվի աճին զուգընթաց:

Ես խնդում եմ, դա սնահավատություն է՝ «մենք չենք տեսել», եթե չեք տեսել, խնդիր չեմ տեսնում, եկեք մեկ օր կանգնեք Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի բակում, որպեսզի հավատաք և այլևս նման արտահայտություններ չանեք: Խնդրում եմ ընդամենը մեկ օր տաս րոպեով մոտենալ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի բակ: Այլ բան չեմ կարող ասել:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

Աղբյուր՝ Ազատություն ռադիոկայան


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->