>

«Մասիս» ԲԿ նորանշանակ տնօրեն Նունե Ավանեսյանի դեմ բողոքները շարունակվում են: Հիշեցնենք, որ վերջերս նրա դեմ հրապարակային մեղադրանքներ էր ներկայացնում հիվանդանոցի լաբորատորիայի նախկին բժիշկ Զարուհի Հարությունյանը, ով ամիսներ առաջ աշխատանքից ազատվել էր հայտնի սկանդալային՝ «թեյ»-ից մեզի անալիզի պատասխան տալու դեպքի առիթով: Անցած ամիս Արարատի նորանշանակ մարզպետ Գարիկ Սարգսյանի մոտ էին գնացել ԲԿ-ի նախկին ու ներկա 10 աշխատակիցներ եւ բողոքել Ավանեսյանից:

Այս անգամ նրա դեմ բողոքում է ԲԿ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի նախկին վարիչ Կրիստինե Սարգսյանը, ում նույնպես աշխատանքից ազատել է Ավանեսյանը: Խնդիրը կապված է բուժաշխատողների սանիտարական գրքույկներում առկա կեղծիքների հետ: Կրիստինե Սարգսյանը դիմել է ոստիկանություն, կառավարման կենտրոն եւ Արարատի մարզային առողջապահական տեսչական մարմին:




Քոչարյանի զոհերը

Մեզ հետ զրույցում Սարգսյանն ասաց. «Հարկ ենք համարում հանրության դատին ներկայացնել «Մասիս» բժշկական կենտրոնի՝ սանիտարական գրքույկների մեջ առկա կեղծ կնիքների եւ չհետազոտված մի ամբողջ բուժանձնակազմի վերաբերյալ տվյալները՝ առողջապահության տեսչության ստուգումների լույսի ներքո: ԱՆ առողջապահական տեսչական մարմին իմ կողմից ներկայացվել է դիմում, որի արդյունքում հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում հունիսի 12-19-ն իրականացվել են ստուգումներ Մասիսի բ/կ-ում՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշումների պահանջների կատարումը պարզելու նպատակով:





Արդյունքում արձանագրվել է, որ «Մաիսիս» ԲԿ-ի կողմից տեսչական մարմնին չի ներկայացվել պարբերական բժշկական հետազոտության ենթակա աշխատողների թիվը: ԲԿ-ում առկա չէ բժշկական զննության ենթակա աշխատողների ցուցակը՝ ըստ վնասակար եւ վտանգավոր գործոնների: ԲԿ-ի տնօրենի 20.07.17 թ․ հրամանով ստեղծվել է բժշկական զննություն անցկացնող հանձնաժողով, որտեղ ընդգրկված չեն եղել համապատասխան բոլոր մասնագետները: Չի ներկայացվել 2017-ի բուժզննության սանիտարական 138 սանգրքույկ, ներկայացվել է 23-ը: Բժշկական հանձնաժողովի մասնագետների կողմից իրենց մատյաններում առկա գրանցումները չեն համապատասխանում աշխատողների սանգրքույկներում առկա գրանցումներին:

Մի քանի սանգրքույկներում առկա են վեներական հիվանդությունների հետազոտությունների վերաբերյալ կրկնակի կնիքներ՝ մի քանի օրվա տարբերությամբ կամ նույն ամսաթվով: Նշվածի առնչությամբ լաբորատորիայի բժշկուհի Սեդա Մինասյանը հայտնել է, որ իր կողմից դրվել է միայն իր ստորագրությամբ կնիքը, իսկ երկրորդ կնիքը, որտեղ չկա բժշկի ստորագրությունը, իրեն անհայտ է: Հերմիտակրության նկատմամբ կա՛մ չեն հետազոտվել, կա՛մ առկա է «հերմիտ չկա» գրառումը՝ առանց կնիքի եւ ստորագրության:


Աղիքային հիվանդությունների հարուցիչի հայտնաբերման հետազոտության արդյունքների վերաբերյալ դրված է անհայտ կնիք՝ բացիլակրություն բացասական: Կան էլի կետեր, բայց այսքանը բավական է: Իսկ սանիտարական գրքույկների հետ կապված անօրինական դրամահավաքի առիթով, ինչը կազմակերպել է հիվանդանոցի ավագ բուժքույր Քրիստինե Աբրահամյանը՝ տնօրենի ցուցումով, զբաղվում է ոստիկանությունը: Նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի երկրորդ մասի 1.1 կետով եւ 325 հոդվածի առաջին մասով հարուցվել է քրեական գործ»: Հիշեցնենք, որ սանգրքույկների համար կատարված ապօրինի դրամահավաքության մասին բարձրաձայնում էր նաեւ լաբորատորիայի նախկին բժիշկ Զարուհի Հարությունյանը:



Մասիսի ԲԿ-ի տնօրեն Նունե Ավանեսյանն իր նախկին աշխատակցուհու բողոքի առնչությամբ մեր հարցմանն ի պատասխան ասաց. «Ես Կրիստինա Սարգսյանին աշխատանքից ազատել եմ կոպիտ խախտումների փաստերի հիման վրա: Նա, լինելով բաժանմունքի վարիչ, չէր մուտքագրել իր, այսպես ասած, մրցակից հակառակորդ կոլեգաների աշխատանքների պատմագրերը, ինչի պատճառով հիվանդանոցը ֆինանսապես տուժել է:

Նրա նկատմամբ հարուցված է քրեական գործ: Դրանից հետո ինքը սկսել է հետեւողականորեն իմ դեմ բողոքել այստեղ-այնտեղ: Նրա արածների ու ասածների մասին ես ոչինչ չեմ ուզում ասել: Համապատասխան մասնագետները թող զբաղվեն այդ գործերով, ու ամեն ինչ ժամանակի ընթացքում կպարզվի: Ծնողներս ինձ սովորեցրել են դիմացինին հաղթել համբերությամբ ու լռությամբ: Այդպես հաղթանակն ավելի գեղեցիկ է լինում»:

Աղբյուր՝ Hraparak.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->