>

Նրան կարելի է բնորոշել մեկ բառով՝ անկեղծ՝ սկսած իր սխալները չթաքցնելուց մինչև մասնագիտական գործունեություն: Ասում է՝ խաղալ շատ է սիրում, բայց ոչ կյանքում. իր խաղը սկսվում և ավարտվում է բեմում:

Չնայած Ստեփանն անկեղծ է՝ իր ունեցած  կորուստների, դժվարությունների, ներքին պատերազմների մասին հազվադեպ է խոսում: Tert.am Life-ը Ստեփանի հետ զրուցել է իր անվան նախապատմության, խիստ տատիկի, անցյալով ապրելու, իր ունեցած կորուստների և դուստրերի մասին է:

-Ստեփան, քչերը գիտեն, որ քեզ անվանակոչել են ի պատիվ քո հոր՝ բալետի արտիստ Ստեփան Ղամբարյանի: Երբ փոքր էիր, գիտակցու՞մ էիր պատասխանատվության այն չափը, որը քո ուսերին էր:

-Վերջերս այնքան էի ուզում խոսել հորս մասին, բայց չէի ուզում արհեստածին լիներ: Չգիտեմ՝ այն ժամանակ պատասխանատվության զգացում կա՞ր իմ մեջ, թե՝ ոչ: Ինձ անվանակոչել է տատիկս, որպեսզի հորս գործի շարունակողը լինեմ: Հայրս միշտ օգնել է ինձ իր խորհուրդներով: Կարծում եմ՝ ոչինչ պատահական չի լինում. ի վերուստ էր տրված, որ ես կրեմ հորս անունը: Ուրախ եմ, որ արդարացրել եմ այն նպատակներն ու հույսերը, որոնք տատիկս կապել է իմ անվան հետ:

-Հայրդ թո՞ւյլ էր տալիս դիպչել կրակին ու սեփական փորձով համոզվել, որ կայրվես, թե՞ զգուշացնում էր, որ տաք է՝ այդպիսով պաշտպանելով քեզ:




Քոչարյանի զոհերը

-Իմ ամբողջ կյանքն է անցել սեփական փորձով: Հայրս փոքրուց թույլ է տվել, որ սխալներ անելուց հետո հասկանամ՝ որն է ճիշտը: Այրվելը հաճելի չէ, ցավոտ է, բայց միայն այրվելուց հետո է, որ այլևս կրակին չես դիպչի: Երբ ինչ-որ գաղափար մտնում է ուղեղիդ մեջ, մինչև այն չիրագործես, չես հանգստանա: Պետք է այրվել, ընկնել, ցավ զգալ, որպեսզի այլևս չկրկնես այդ սխալները:

-Քո երեխաներին նույն սկզբունքո՞վ ես դաստիարակում:


-Ես վախենում եմ նրանց այդ սկզբունքով դաստիարակել: Հիմա այլ ժամանակներում ենք ապրում, մեր ծնողները լրիվ այլ ժամանակներում են ապրել: Սխալ է այսօր երեխաներին դաստիարակել այն սկզբունքներով, որոնցով շատ տարիներ առաջ ինձ են դաստիարակել: Մեր երեխաները տարբերվում են մեր սերնդից, ծնվում են պատրաստի ձևավորված բնավորությամբ: Աղջիկներս այնպիսի հարցեր են տալիս, որ զարմանում եմ:




Իմ դաստիարակության մեջ շատ մեծ դեր է ունեցել մայրական տատս: Նա չոր, ջղային, խիստ կին էր, քաղցր խոսքեր չէր ասում: Հիմա շատ եմ արժևորում նրա այդքան խիստ վերաբերմունքը:

Փոքրիկ Ստեփանին այդպիսի վերաբերմունքը չէ՞ր չցավեցնում

-Այո, դրանից վիրավորվում էի: Ինձ թվում էր՝ տատիկս ինձ չի սիրում: Չեմ ցանկանա իմ երեխաները ունենան այն հոգեվիճակը, որը ես եմ ունեցել իրենց տարիքում:

-Որտեղի՞ց են գալիս քո արմատները, բնիկ երևանցի՞ ես:

-Պապիկիս հայրն ու մայրը գաղթել են Մուշից: Սկզբում Սիլաչի թաղամասում են ապրել, հետո՝ Կոնդում, հետո՝ Փավստոս Բյուզանդ փողոցում: 1900-ականների սկզբներին տեղափոխվել են Մաշտոցի պուրակ և տուն կառուցել: Այդտեղ է ծնվել պապս՝ Գուրգեն Ղամբարյանը, հայրս՝ Ստեփան Ղամբարյանը: Մաշտոցի պուրակում է իմ գերդաստանի պատմությունը:

Հիմա Մաշտոցի պուրակում նորակառույցներ են, չկա քո մանկության տունը: Ինչպե՞ս դա անդրադարձավ քեզ վրա:

-Անասելի ցավոտ է: Մաշտոցի պուրակում է անցել իմ մանկությունն ու պատանեկությունը: Դժվար է մեր տան տեղում տեսնել անճոռնի երկնաքերեր, որոնք անհասկանալի ճարտարապետություն ունեն: Եթե մեր տան փոխարեն յուրօրինակ մի վայր կառուցեին, սիրտս այսքան չէր ցավի: Մեր փողոցը շատ կոլորիտային էր, պետք չէր այսպես աղավաղել: Այդ շենքերը կառուցողները երևանցի չեն եղել, Երևանը չեն սիրել, ուղղակի քանդել են, իմ տունն ինձնից խլել են, ստիպել, որ վաճառեմ: Ատում եմ բոլոր նրանց, ովքեր մեր քաղաքն ու երկիրը չեն սիրում:


-Գիտեմ, որ փոքր ժամանակ գործագործ խաղալ շատ ես սիրել և, ինչպես ինքդ ես նշում, խաղի մեջ խաբսեր ես տվել: Կյանքում կարողանու՞մ ես խնդիրներից խաբսեր տալիս:

-Չկա այնպիսի մարդ, ով երբեմն խաբսեր չտա, այդ թվում՝ ես: Կարևորն այն է , որ այդ խաբսերը որևէ մեկի հաշվին չեմ տալիս: Եթե ես մտնում եմ մի խաղի մեջ, որտեղ դիմացինս գիտի, որ կարող եմ խաբսեր տալ, ես էլ գիտեմ, որ ինքը կարող է, ուրեմն՝ մաքսիմալ ազնիվ ենք: Խաբսեր տալիս եմ այն դեպքում, երբ բոլոր կողմերը տեղյակ են լինում այդ մասին: Ես ազնիվ եմ իմ խաղի մեջ: Յուրաքանչյուր անազնիվ բան պարտություն է: Չես կարող հաղթել, հասնել վերջնակետին, եթե ճանապարհիդ անազնվության ոտնահետքեր են: Նույնիսկ, երբ կորպորատիվ միջոցառումներ եմ վարում, մաքսիմալ անկեղծ եմ: Բեմից դուրս ընդհանրապես չեմ խաղում: Եթե սկսեմ կյանքում դերասանություն անել, էներգիաս կսպառվի: Կյանքում հավաքագրում եմ էներգիան և բեմում բաց թողնում:

Ստեփան, առաջին անգամ հայր դարձար վաղ տարիքում՝ 20 տարեկան էիրդրանից հետո երկար ճանապարհ անցար՝ բաժանվեցիր, երկրորդ անգամ ամուսնացար Անի Ամիրյանի հետ, երկրորդ բալիկդ ծնվեց, երբ արդեն 30 տարեկան էիր և ավելի հասուն: Կա՞ն սխալներ, որոնք թույլ ես տվել ավագ դստերդ՝ Իռենի դեպքում ու չես կրկնել փոքրիկիդ՝ Մարտայի դեպքում:

-Կլինեն հաստատ: Երիտասարդ տարիքում այլ կերպ ես մտածում, արյունը եռում է երակներումդ, տարբեր խենթությունների ես ընդունակ: Թե՛ Իռենը, թե՛ Մարտան փոխել են իմ կյանքը: Երկուսի հետ էլ խիստ չեմ եղել, երեխաներիս հետ ընկերներ ենք: Իռենը բնավորությամբ ավելի զուսպ է, հիմա իր մոտ անցումային տարիք է: Մարտան դեռ փոքր է, շատ աշխույժ է, ակտիվ: Կարևորը՝ երկուսն էլ ինձ հետ ազնիվ են:

Ի երջանկություն ինձ՝ իրենց հարաբերություններն իրար հետ ևս հրաշալի են: Չեն պատկերացնում իրենց կյանքն առանց մեկը մյուսի: Իռենն ամբողջ օրը Մարտայից է խոսում, Մարտան էլ՝ Իռենից: Նրանց լավ հարաբերություններն իմ կյանքի գլխավոր ձեռքբերումներից է:

— Մինչև հիմա ընդունու՞մ ես այն խորհուրդները, որոնք մարդիկ քեզ տալիս են:

-Ես միշտ սիրով եմ ընդունել կողքից ինձ տրվող խորհուրդները, հիմա էլ խորհուրդներ եմ հարցնում ու ընդունում դրանք: Վերջին երեք ամսվա ընթացքում շուրջ 3000 էջ գիրք եմ կարդացել, ֆիլմեր դիտել: Հետաքրքիր է, որ իմ մեջ ոչինչ չի ավելացել, միայն հարցերն են շատացել:

Ո՞վ է այն մարդըում հետ Ստեփանը մաքսիմալ անկեղծ է:


-Ես: Ինքս ինձ հետ վեճի մեջ եմ մտնում, երբեմն ներքին ձայնս է հաղթում, երբեմն էլ՝ ես: Եթե ներքին ձայնս ավելի շատ հաղթանակներ տանի, կսկսեմ ավելի ճիշտ ապրել: Երբ մենակ եմ լինում  մեքենայի մեջ, բարձրաձայն խոսում եմ Աստծո հետ, կիսվում իմ մտքերով, պատմում եմ իմ խնդիրների, կորուստների ու դժբախտությունների մասին: Պատասխանը, երբեմն, ստանում եմ, երբեմն՝ ոչ: Աստծո հետ կապը դեռ փոքրուց եմ զգացել, իմ կյանքում Աստված միշտ ներկա է:

Միշտ ինձ հետ են Գրիգոր Նարեկացու «Նարեկը» և «Աստվածաշունչը», թեև վերջին տարիներին չեմ կարդացել: Ինչպես շատերի, այնպես էլ իմ դեպքում բարդ է «Աստվածաշունչը» իր պարզության մեջ բարդ է ընկալելը, այդ կանոններով ապրելը: Լինում է նաև, որ սկսում եմ աշխարհիկ կյանքով ապրել, բայց, վաղ, թե ուշ, անառակ որդու պես հետ եմ գալիս դեպի Նա: Այս կյանքում շատ գայթակղություններ կան, սատանան ամենուր է, բայց ինձնից հեռու է:

Քո հարցազրույցները կարդալիս նկատել եմ, որ անցյալի մարդկանց մասին ներկայով ես խոսում: Անցյալը բաց թողնել չես ուզում, որովհետև անցյալում  քեզ երջանկացրած մարդկանցից շատերը ներկայում չկա՞ն:

-Ես անընդհատ հետ չեմ նայում, չեմ կառչում անցյալից, հետս քարշ չեմ տալիս, ուղղակի չեմ մոռանում անցյալս: Ես չեմ մոռանում իմ մանկությունը, որովհետև իմ մի մասնիկն է: Իմ անցյալի սխալներով, կորուստներով եմ այն Ստեփանը, որն այսօր կամ:

Ներկայում, այո, չեմ կարողանում գտնել այնպիսի մարդկանց, որոնց կորցրել եմ: Ցավոք սրտի, ինչքան փորձեցի փոխարինել գոնե մեկին, ով ինձ կհիշեցնի անցյալիս մասին, չկարողացա: Համակերպվեցի այդ մտքի հետ՝ հասկանալով, պետք չէ որևէ մեկին համեմատել այն մարդկանց հետ, ում ես կորցրել եմ: Անցյալիս հետ ձեռք-ձեռքի բռնած հիմա առաջ եմ շարժվում: Քանի ես ապրում եմ, իմ ընկերները՝ Էդգարն ու Արեգը ևս ապրում են (խոսքն Էդգար Էլբակյանի և նրանց երրորդ ընկերոջ մասին է, ովքեր դժբախտ պատահարի զոհ դարձան): Մինչև հիմա որևէ քայլ անելուց առաջ խորհրդակցում եմ նրանց հետ, այսինքն՝ ինքս ինձ տալիս եմ հարցը և ենթադրում Արեգի ու Էդգարի պատասխանը:

-Էդգարի երգերին նոր շունչ տալով՝ նրան կարծես ներկա բերեցիր:

-Դա իմ կյանքի ամենակարևոր առաքելությունն էր: Մյուս երգերը ևս նախատեսում եմ թողարկել, բայց ուրիշ ձևաչափով: Տաղանդավոր ընկերներիս հետ միասին կհիմնենք մեր նվագախումբը, մյուս երգերն ինքներս կկատարենք:

-Քո ունեցած կորուստները քեզ կոփե՞լ են:

-Միանշանակ: Անխոցելի մարդիկ, իհարկե, չկան: Բայց ինչ-որ առումով հիմա ավելի ուժեղ եմ, քան առաջ, հուզական դաշտս կայուն է:

Ապրածս այլևս հետ չեմ բերի: Փոշմանում եմ միայն չարված քայլերիս համար, որոնք փորձում եմ փոշմանելուց հետո անել: Տարիների հետ սկսում ես չփոշմանել, ավելի ստաբիլ ես դառնում:

-Հե՞շտ ես ներում:

-Ցավոք սրտի, շատ հեշտ: Կցանկանայի ուրիշ տեսակ լինել: Հիմա յուրաքանչյուր հարցում իմ մեջ մեղքի զգացում կա, որն ինձ տանջում է: Ուզում եմ ազատվել այդ զգացումից, բայց չի ստացվում:

-Շա՞տ են մարդիկ, ում ինքդ ես խոցել:

-Ամեն օր եմ խոցում, բայց հուսով եմ՝ ոչ մեկին այնքան խորը չեմ խոցել, որ ազդի իր ճակատագրի վրա: Եթե նույնիսկ այդպիսի բան է եղել, արժանացել եմ ներման: Երբ նեղացնում եմ դիմացինիս, հոգեպես չեմ կարողանում հեշտ տանել դա, ծանրանում է խղճիս: Ամեն օր իմ ընտանիքի անդամներից, մտերիմներից ներողություն եմ խնդրում, առիթը բաց չեմ թողնում:

Աղբյուր՝ Tert.am Life


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->