>

1in.amը գրում է.

Հայաստանում սկսված կոռուպցիայի դեմ պայքարը ամեն օր նոր բացահայտումներ է ի հայտ բերում։ Նախկին պաշտոնյաներ, պաշտոնյաների հարազատներ, միլիարդավոր դրամներ ու միլիոնավոր դոլարներ, առանձնատներ ու զենքեր, թանկարժեք մեքենաներ ու ցածրարժեք պահածոներ… Սա հայաստանյան գրեթե ամենօրյա քրոնիկոնի չնչին մասն է միայն։ Ամեն օրվա հետ այդ պայքարը ընդլայնում է օրենքի առաջ պատասխան տվողների շրջանակն ու բարձրացնում է դրանց  պաշտոնեական դիրքը։




Քոչարյանի զոհերը

Իշխանության ընդդիմախոսները ակնարկներով կամ ուղիղ հայտարարում են, որ իշխանությունը ԱԱԾ-ի ու ոստիկանության միջոցով շոուներ է կազմակերպում՝ սեփական վարկանիշի բարձրացման համար։ Իրականում, սակայն, իրավիճակը միանգամայն այլ է։ Այո, այս բացահայտումների շնորհիվ ու դրանց արդյունքում իշխանության վարկանիշն ու հանրային վստահության մակարդակը անշեղորեն աճում են, բայց այնպես չէ, որ դա է իշխանության գործողությունների գլխավոր մոտիվացիան։ Վարկանիշի աճը իշխանության գործողությունների ոչ թե նպատակն է, այլ դրանց հարակից, ածանցյալ էֆեկտը. իշխանությունը հաստատում, իսկ ավելի ճիշտ՝ վերահաստատում է երկրում օրինականությունը, ինչը տեխնիկապես ուղեկցվում է նաև օրինախախտների ու հանցագործների ձերբակալություններով, որոնց ցուցադրությունը նպաստում է իշխանության վարկանիշի աճին։ Բայց դա չի նշանակում, թե իշխանությունը պետք է հրաժարվի հրապարակային գործելաոճից, առավել ևս՝ կոռուպցիայի դեմ պայքարից ու օրինականության հաստատման սահմանադրական նպատակ-պարտավորությունից։





Այս իրավիճակը, իշխանության, Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անընդհատ աճը որքան օրինաչափ, նույնքան էլ վտանգավոր են արդեն քաղաքական իրողությունների ու առաջիկա զարգացումների առումով։ Դժվար չէ կանխատեսել, որ վարկանիշի այդ աճը շարունակվելու է նաև առաջիկա ամիսներին, քանի որ ոչ թե ամիսները, այլ տարիներն անգամ բավական չեն լինելու Հայաստանում 20 և ավելի տարիներ թույլ տրված համակարգված հանցավորության ու պետության թալանի գործերը բացահայտելու համար։ Այսինքն՝ անկախ նրանից՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան այս տարվա աշնանը, թե հաջորդ տարվա գարնանը, իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի առաջնորդած թիմը այդ ընտրություններին մասնակցելու է աննախադեպ բարձր վարկանիշով ու հանրային վստահության աննախադեպ բարձր ռեսուրսով։ Դա նշանակում է, որ այդ թիմը՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական թիմը, շատ մեծ հավանականությամբ ընտրություններում կարող է ստանալ ոչ միայն պարզ, այլ նաև որակյալ մեծամասնություն, ինչպես ընդունված է ասել՝ ջախջախիչ հաղթանակ տանելով ընտրություններում։

Կուսակցական շահի տեսանկյունից դա, իհարկե, Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի համար շահեկան, ցանկալի սցենար է, քանի որ ցանկացած քաղաքական թիմ ձգտում է ընտրություններում ստանալ առավելագույն թվով ձայներ։ Սակայն Նիկոլ Փաշինյանն արդեն ոչ թե քաղաքական, այլ պետական գործիչ է, իսկ պետական շահը միշտ չէ, որ համընկնում է քաղաքական շահի հետ, ճիշտ հակառակը՝ շատ հաճախ այդ շահերը հակադրվում են, և պետական գործչի պետական լինելն արտահայտվում է նման դեպքերում նախապատվությունը ոչ թե կուսակցական կամ քաղաքական, այլ հենց պետական շահին տալու միջոցով։


Իսկ Հայաստանի պետական շահը պահանջում է, որպեսզի նոր խորհրդարանում լինի ներկայանալի, գաղափարական, հստակ քաղաքական օրակարգ ունեցող ընդդիմություն, իշխանությանը այլընտրանք դառնալու պատրաստ ընդդիմություն, առանց որի քաղաքական համակարգն ու իշխանությունն ընդհանուր առմամբ չեն կարող ամբողջական լինել։ Այդպիսի ընդդիմությունն անհրաժեշտ է ինչպես պետությանը, այնպես էլ նույն Նիկոլ Փաշինյանին՝ նոր իշխանության ղեկավարի պաշտոնում համակարգային խնդիրների լուծման համար։ Իսկ դրանք շատ են ու շատ են լինելու նաև ընտրություններից հետո՝ իրական ու աննահանջ պայքար կոռուպցիայի դեմ, նույնպիսի պայքար օլիգարխիայի ու կլանային համակարգի դեմ և ի վերջո, պայքար հակահեղափոխության դեմ, որովհետև այնպես չէ, որ ընտրություններից հետո հակահեղափոխությունը վերանալու է։ Այն ուղեկցելու է երկրին այնքան ժամանակ, քանի դեռ առկա են նախկին իշխանության քաղաքական, տնտեսական ու քրեական մնացուկները, որոնք վստահաբար տարբեր փուլերում ունենալու են նաև արտաքին աջակցություն։

Եվ ուրեմն՝ բոլոր այս խնդիրների լուծման համար Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է իրական ինստիտուցիոնալ ընդդիմություն, ինչի կարևորության մասին խոսում էր հենց ինքը՝ դեռևս ընդդիմադիր կուսակցության ղեկավարի ու պատգամավորի կարգավիճակում։ Հակառակ դեպքում այդ տեղը կարող են լրացնել մարգինալ, ռադիկալ ուժերը, որոնք վտանգավոր են ինչպես պետության, այնպես էլ իշխանության համար։ Իսկ այդպիսի ուժերի պակաս այսօրվա Հայաստանում չկա՝ «Հիմնադիր խորհրդարանն» ու «Սասնա ծռերը» այդպիսինների ինստիտուցիոնալացված դրսևորումն են։



Այդ խնդիրը՝ իրական ինստիտուցիոնալ ընդդիմություն ունենալու խնդիրը, հեշտ լուծելի խնդիր չէ, և այնպես չէ, որ դրա լուծման համար կան շատ տարբերակներ ու շատ ուժեր։ Այդ դերում չեն կարող հանդես գալ ո՛չ «Բարգավաճ Հայաստանը»,  ո՛չ Դաշնակցությունը, ոչ էլ, առավել ևս, արմատական ուժերն ու դրանց դաշինքները։ Գործող քաղաքական ուժերից ինստիտուցիոնալ ընդդիմության ֆունկցիան կարող են իրականացնել թերևս միայն «Հանրապետությունն» ու «Լուսավոր Հայաստանը», որոնք ունեն այդ դերի համար ինչպես գաղափարական օրակարգ, այնպես էլ փորձ ու որոշակի մարդկային ռեսուրսներ:

Նրանք, ի դեպ, կարող են համախմբել նաև արտախորհրդարանական մի շարք ուժերի, առավել ևս, եթե միավորման հիմքում դրվեն ազատականությունն ու արտաքին քաղաքական կողմնորոշումը։ Հիմա, գոնե մամուլում հրապարակվող տեղեկություններից դատելով, ավելի հավանական է համարվում այն տարբերակը, որ Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրություններին կմասնակցի «Ելք»-ի ձևաչափով։ Դա նրան կապահովի իսկապես ջախջախիչ հաղթանակ ընտրություններում, սակայն երկիրը կզրկվի ինստիտուցիոնալ, գաղափարական ընդդիմություն ունենալու կենսական հնարավորությունից՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով։ Ե՛վ ներքին, և՛ արտաքին։

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->