>

ՀՀ Գլխավոր դատախազությունը պատրաստվում է քրեական գործերով գրոհների: Բանն այն է, որ օրերս ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հուլիսի 11-ի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Գեւորգ Բաղդասարյանը նշանակվեց Երեւան քաղաքի դատախազ` ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության եւ դատական ակտերի բողոքարկման վարչության պետի պաշտոնից: ՀՀ գլխավոր դատախազի նույն օրվա մեկ այլ հրամանով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Րաֆֆի Ասլանյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության եւ դատական ակտերի բողոքարկման վարչության պետ` ազատվելով Երեւան քաղաքի դատախազի պաշտոնից:

Շատերի համար ՀՀ գլխավոր դատախազի այս որոշումը կարող է թվալ սովորական փոփոխություն, սակայն իրականում Րաֆֆի Ասլանյանի նշանակումը ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության եւ դատական ակտերի բողոքարկման վարչության պետի պաշտոնում բավականին լուրջ եւ խորը ամրատներ ունեն:




Քոչարյանի զոհերը

Թավշյա հեղափոխությունից հետո դատարանները ազատվել են կապանքներից եւ առհասարակ, ինչպես նշում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսուհետ դատարանները չեն աշխատելու նախկին ավանդույթներով, այսինքն` որոշումներ չեն կայացնի Բաղրամյան 26-ի հրահանգով:





Ու հիմա մեկը մյուսի հետեւից ազատ են արձակվում անձինք, որոնք նախկինում մեղադրվել են հանցանք կատարելու մեջ, սակայն մեղադրող դատախազները ու դատարանը նրանց նկատմամբ խափանման միջոց կալանքը ստորագրությամբ երկրից չհեռենալու մասին փոխելը մերժում էին: Իրավիճակը փոխվեց թավշյա հեղափոխությունից հետո, երբ մեղադրող դատախազներն ու դատարանները տարբեր քրեական գործերով անցնող անձանց խափանման միջոցը փոխեցին` իրենց քայլը պատճառաբանելով, թե առաջնորդվում են օրենքի տառին համապատասխան:

Խափանման միջոց կալանքը փոխարինելու գործընթացը դեռեւս շարունակվում է, սակայն մեղադրող դատախազներին եւ դատավորներին նոր փուլ է սպասվում, քանի որ այն անձինք, որոնք մշտապես հայտարարել են, որ կապ չունեն իրենց առաջադրված մեղադրանքի հետ, նրանց նկատմամբ քրեական հետանդումը դադարեցվում է:


Մասնավորապես արդեն ունեք մեկ օրինակ. ՀՔԾ-ն քրեական հետապնդումը դադարեցրեց դեռեւս երկու տարի առաջ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար մեղադրյալի կարգավիճակում գտնվող «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանի եւ ներկայումս Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի նկատմամբ:

Ավելին` զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար այլ մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը եւս դադարեցվեց: Ավելին` դատարաններում մեկը մյուսի հետեւից ազատ են արձակվում տարբեր քրեական գործերով մեղադրյալի աթոռին հայտնված անձինք եւ դեռ ավելին` վերջիներիս պաշտպանները նաեւ դատարաններից արադարացան վճիռներ են սպասում:



Մասնավորապես Սամվել Բաբայանի պաշտպանը դիմել է դատարան նրան արդարացնելու համար: Հաշվի առնելով իրավիճակը` շատերը այս օրերին կպայքարեն արդարադատության վերականգնման համար, որպեսզի դատարանների կողմից արադարացվեն, եւ այս պարագայում տխուր իրավիճակում են հայտնվելու մեղադրող դատախազաները, որոնք բողոքարկելու են այդ որոշումները: Ուստի ՀՀ գլխավոր դատախազությունը այս իրավիճակում լուրջ կացության առաջ է կանգնել եւ ամենայն հավանականությամբ որոշել է իրավիճակին դիմակայելու համար փոփոխություններ իրականացնել եւ ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության եւ դատական ակտերի բողոքարկման վարչության պետ նշանակել առավել հմուտ դատախազի` Րաֆֆի Ասլանյանին, որպեսզի վերջինս կարողանա պայքարել սպասվող փորձությունների դեմ:

Ինչ կստացվի այս փոփոխության արդյունքում` կապրենք, կտեսնենք: «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի փոփոխության իրական պատճառների մասով մեկնաբանություն խնդրեց ՀՀ գլխավոր դատախազությունից, ինչին ի պատասխան` ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին.«Նման խնդիր բացարձակ չկա: Տվյալ դեպքում խոսքը գնում է հավասարազոր փոխատեղման մասին, որը դատախազությունում նոր երեւույթ չէ եւ իրականացվում է պարբերաբար` համակարգում կադրային ռեսուրսներն առավել նպատակային օգտագործելու անհրաժեշությունից ելնելով»:

Քնար Մանուկյան

Աղբյուր՝ Armlur.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->