>

Lragir.am-ի զրուցակիցն է երգիչ-երգահան Էդուարդ Զորիկյանը

Պարոն Զորիկյան, ինչպե՞ս եք վերաբերվում նախկին պաշտոնյաների վերաբերյալ իրավապահների բացահայտումներին: Ի՞նչ է կատարվել երկրում:

Կատարվել է այն, որ Հայաստանի Հանրապետության իշխանական բոլոր կառույցները արել են նույն բանը: Այսինքն՝ սա համակարգային բնույթ ունի, համակարգ է գործել, որն ուղղակի քայքայել է պետության հիմքերը: Էական չէ, այդ գումարները առողջապահության նախարարությունից են գողացվել, թե բանակից: Մենք մի քիչ ավելի բուռն ենք արձագանքում, երբ իմանում ենք, որ բանակից են փողեր գողացել, բայց պետք է հասկանանք, որ ընդհանրապես պետական բյուջեից ցանկացած լումայի գողություն դա գործողություն է պետության դեմ:




Քոչարյանի զոհերը

Այսինքն՝ մարդիկ տարիներ շարունակ գործել են պետության դե՞մ:





Այո, և դա համակարգ է եղել: Դա գրեթե բոլոր իշխանությունների ժամանակ է եղել: Ես շատ լավ հիշում եմ, որ ԽՍՀՄ տարիներին պետությունից գողանալը դրական բան էր համարվում, որովհետև պետություն ասելով հասկանում էինք կայսրությունը: Իսկ կայսրությունը թուլացնելը գրապանահատություն չէր: Բայց այդ մարդիկ այդպես էլ չգիտակցեցին, որ Հայաստանն անկախացել էր: Իսկ այդ դեպքում գործելով պետության դեմ՝ քանդում ես քո իսկ հանրապետությունը:

Տեսնելով այս բացահայտումները, կարծիքներ են հնչում, որ դրանք գերազանցում են հանրության սպասելիքները: Մարդիկ ասում են՝ գիտեինք, որ նախկին իշխանությունները գողացել են, բայց այսքա՞ն: Անակնկա՞լ  էին այս բացահայտումները:

Չեմ կարծում, որ անկանկալ էր: Այն, ինչ մինչ օրս բացահայտվել է, դա կատարվածի մոտ մեկ տոկոսն է: Ես ասում եմ՝ համակարգային է եղել դա, իսկ այսօր միայն մի քանի հոգու են հրավիրել ԱԱԾ, ասում ենք՝ անակնկալ էր: Ինձ համար այստեղ ոչ մի անակնկալ չկար: Այլ հարց է, որ բոլորն իմացել են, բայց ժողովուրդն անզոր էր ինչ-որ քայլեր ձեռնարկելու առումով: Երբ որ դա կատարում են ամենավերևից, գլուխը նույնն  է, ձեռքերն ու ոտքերը նույնն են, այսինքն՝ ամբողջ մարմինը համակարգված ներսից քանդել է մեր երկիրը:


Իրենց անպատի՞ժ են զգացել, չե՞ն մտածել այն մասին, որ մի օր կգա արդարադատության ժամանակը:

Եթե վերևից ասում են՝ հանգիստ գողացիր, մարդիկ հանգիստ գողանում են: Եթե վերևից ասում են՝ պետական բյուջե մի վճարիր, այդ գումարի մի մասը ճամպրուկով բեր տուր ինձ, ինչո՞ւ պետք է պետբյուջե չվճարողը վախենա ինչ-որ բանից: Ահավորն այն է, որ այդ ասողը եղել է նախագահը, վարչապետը, նախարարը, և այդպես իջել է մինչև ներքև, ժողովուրդն ի՞նչ կարող էր անել: Եթե երկրում ժողովրդավարություն չի եղել, ժողովուրդն ի՞նչ կարող էր անել: Եվ այդ մարդիկ շատ հանգիստ գործել են: Երբ որ դա համակարգ է, իսկ այդ մարդիկ այդ համակարգի մարդիկ են, կարծում եմ, իրենց համար դա բնական բան է եղել: Այսօր այդքան մեղավոր չեն նեքևներում կանգնած գրպանողները, մեղավոր է գլուխը՝ ամենավերևում կանգնած գրպանողը: Ներքևը կատարել է այն, ինչ իրեն հրամայել են:

Խիստ պատիժներ պե՞տք է սահմանվեն, որովհետև որոշ դեպքերում խոսվում է այն մասին, որ պետությանը հասված վնասը կվերականգնեն, քրեական գործերը կկարճվեն:

Կարծում եմ՝ Նյուրենբերգյան դատավարության նման մի բան պետք է լինի, բայց ներհայաստանյան, որովհետև դա համակարգ է եղել, որը գործել է ժողովրդի դեմ: Եթե ֆաշիզմը գործում էր մարդկության դեմ, մեր պետության ներսում տարիներ շարունակ պետության ու ժողովրդի դեմ համակարգ է գործել: Հիմա, եթե չեն ուզում այդպիսի համակարգային բնույթ տալ գործին, ուրեմն պետք է դատավարությունների երկար շարան լինի՝ սեփականության բռնագրավումով: Մենք այսօր տեսնում ենք այդ մարդկանց մեկ-երկու դղյակը, չենք տեսնում արտերկիր տարած ունեցվածքը, դրամական հաշիվները: Ի վերջո, այդ գումարները ներդրվել են բիզնեսի մեջ, դարձել են սուպերմարկետներ, հիվանդանոցներ և այլն: Թե այդ գումարները որտեղից են, բոլորս գիտենք: Ցանկացած պաշտոնյայի աշխատանքային տարիները, եթե անգամ բազմապատկես 100-ով, դուրս չի գա նույնիսկ այն գումարը, որը նրանք ցույց են տալիս:



Հետագայում նման դեպքերից խուսափելու համար ինչպե՞ս պետք է գործի նոր իշխանությունը:

Նոր իշխանությունն արդեն գործում է: Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես չեմ վերցնելու, վերջ: Այստեղ վերջակետը դրվում է:

Բայց կան տեսակետներ, որ իշխանությունը գայթակղում է:

Այո, դա այդպես է: Երբ Փաշինյանն ընտրվեց վարչապետ, ես Ֆեյսբուքում գրառում արեցի՝ «պարոնայք, նալոգը ո՞ւմ եք վճարելու»: Վճարում էին, որովհետև իրենցից պահանջում էին: Այսինքն՝ վերևները ոնց պահանջեն, ներքևներն այդպես էլ կաշխատեն: Եթե պահանջեն ազնվություն, վաղը կպարզվի, որ ազնիվ ապրելը ձեռնտու է: Եթե պահանջեն գողություն, ուրեմն պետք է գողանան: Համենայնդեպս, այն, ինչ այսօր կատարվում է, ինձ դուր է գալիս: Ես համարում եմ, որ Հայաստանը հիմա է ռեալ անկախանում: Իսկ անկախ պետությունը չի կարող ներսից թալանվել: Ներսից թալանում են եկվորները, ովքեր ուզում են այս պետությունը քանդել, ոչնչացնել: Բայց երբ պետությունն անկախանում է, շատ կարճ ժամանակահատվածում ոտքի է կանգնում, որովհետև բյուջեն ծառայում է ժողովրդին ու երկրին:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->