>

Երիտասարդ երգչուհի, դերասանուհի Դիանա Մխիթարյանը նոր տեսահոլովակ ունի, որի նկարահանումները տեղի են ունեցել օրեր առաջ:

Tert.am Life -ի հետ զրույցում Դիանան ասաց, որ «Քո մի համբույրից» երգի խոսքերի հեղինակն իր պրոդյուսերը` Կարեն Ասլանյանն է, երաժշտությունը գրել են Կարենը և Արսեն Մանուկյանը.




«Երգը սիրային թեմայով է, և՛ տխուր է, և՛ ուրախ: Հերոսուհին անընդհատ հիշում է իր սիրելիին ու իրենց ապրած պահերը»,- ասաց Դիանան:


Նա ասաց, որ ռեժիսոր Կարեն Գևորգյանն ու Կարեն Ասլանյանը համատեղ են ստեղծել տեսահոլովակը, նաև շնորհակալություն հայտնեց ռեժիսոր Տիգրան Ավետիսյանին իրենց կողքին լինելու համար: Նկարահանումներն իրականացրել են Սևանում` բացօթյա տարածքում.





«Պարետատան սահմանած կանոնները չենք խախտել, եղել ենք մի քանի հոգով, պահել ենք սահմանված հեռավորությունը, հնարավորության դեպքում, դիմակ ենք կրել»:

Պարզվում է` տեսահոլովակի գլխավոր հերոսը Դիանայի հարազատ եղբայրն է.

«Գոռը և իմ ընկերուհիներից մեկը մարմնավորում են գլխավոր հերոսին և հերոսուհուն: Եղբայրս նախկինում նկարահանման փորձ չի ունեցել, առաջին անգամ էր տեսախցիկի առջև: Այդ առումով մի փոքր բարդ էր իր համար,- ասաց նա և հավելեց, որ իր հոլովակներից մեկում նկարահանվելու ցանկություն եղբայրը միշտ է ունեցել,- Այս անգամ մտածեցի` ինչու եղբորս փոխարեն ուրիշ մեկը խաղա»:


Դիանան ասաց, որ ունի նաև այլ նոր երգեր, որոնք շուտով հասանելի կլինեն.

«Ունեմ մի ուրախ երգ, որի տեսահոլովակի պրեմիերան կլինի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Ունենալու եմ նաև դուետներ, բայց փակագծերը բացել չեմ ուզում»:

Խոսելով «Անհասցե ծնվածները» սերիալի ավարտական սերիաների և նոր առաջարկների մասին` Դիանան նշեց.



«Այս ընթացքում իմ հերոսուհու` Դիանայի հետ շատ եմ կապվել, շատ եմ սիրում կերպարս, կկարոտեմ նրան: Անգամ, երբ այլ նախագծերում հանդես գամ, կցանկանամ Դիանայի կերպարին մոտ կերպարով լինել: Նոր առաջարկներ այս պահին ունեմ, բայց ընթացիկ նախագիծը դեռ չի ավարտվել, դրանց մասին խոսել չեմ ուզում»:

Անդրադառնալով իր մասին մեկնաբանություններին` երգչուհին ընդգծեց, որ մարդկանց մի մասն իրեն որպես երգչուհի է ընդունում, մյուս մասը` որպես դերասանուհի. բացասական մեկնաբնություններից խուսափել նույնպես չի ստացվում:

«Կան մարդիկ, ովքեր գրում են իրենց կարծիքը, պատկերացրածը իմ մասին ու վիրավորում ինձ, բայց ես չեմ նեղսրտում դրանից: Անգամ, երբ նման մեկնաբանությունների եմ հանդիպում, տեսնում եմ, որ իմ երկրպագուները պատասխան մեկնաբանությունը գրած են լինում: Ես շատ եմ սիրում իմ երկրպագուներին և շփցում ունմ եմ նրանց հետ: Նույնիսկ եղել է, որ տեսակապով խոսենք»,- ասաց նա:

Ըստ Դիանայի` հայտնի դառնալուց հետո իր հանդեպ մարդկանց վերաբերմունքի փոխվել է.

«Երբ դեռ հայտնի չէի, շատերն ինձ հետ սովորական էին շփվում: Երբ արդեն նկարահանվում էի «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալում, այդ մարդիկ սկսեցին ավելի ջերմ շփվել ինձ հետ: Ես ամեն ինչ նկատում եմ, բայց չեմ բարձրաձայնում: Ես նույնն եմ և չեմ պատրաստվում փոխվել»:

Աղբյուր՝ Tert.am Life


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->