>

Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց Սեյրան Մկրտչյանի ու Կարեն Փիլոյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ:

57-ամյա Սեյրան Մկրտչյանին ու 22-ամյա Կարեն Փիլոյանին մեղադրանք է առաջադրված տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Երկու ամբաստանյալը «նույն թիմից» չեն եղել: Նրանք միմյանց դեմ են գործողություններ կատարել: Կարեն Փիլոյանի գործողությունների հետևանքով տուժողը հենց Սեյրան Մկրտչյանն է, իսկ Սեյրանի գործողություններից տուժողը Կարենի եղբայր Զորին է:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի մարտի 15-ին, ժամը 20-ի սահմաններում Վանաձորի Նալբանդյան 2-րդ փակուղում գտնվող տաղավարում հայհոյանքներ հնչեցնելու հետ կապված՝ Սեյրան Մկրտչյանը դիտողություն է արել Կարեն և Զորի Փիլոյան եղբայրներին ու նրանց հետ գտնվող տղաներին, հետո ապտակել է Կարենին: Փիլոյաններն իրենց հերթին «պատասխանել են» Սեյրանին՝ Զորին հայհոյել է նրան, իսկ Կարենը ոտքով հարվածել է նրա կրծքավանդակին:




Քոչարյանի զոհերը

Սեյրան Մկրտչյանը զայրացած գնացել է տուն, խոհանոցային դանակ է վերցրել ու, ըստ մեղադրանքի, վրեժխնդիր լինելու նպատակով դանակով մեկ անգամ հարվածել է Զորի Փիլոյանի որովայնին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս՝ որովայնի առաջնային պատի ծակած-կտրած թափանցող վնասվածք՝ ստամոքսի միջանցիկ, հաստ և բարակ աղիների միջընդերքների, բարակ աղու թափանցող վնասումներով:

Ըստ մեղադրանքի՝ Կարեն Փիլոյանը այն բանից հետո, երբ Սեյրան Մկրտչյանը նրա եղբորը հարվածել է դանակով, իր հերթին՝ վրեժխնդիր լինելու նպատակով ոտքով երկու անգամ հարվածել է Սեյրան Մկրտչյանի կրծքավանդակին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս՝ կրծքավանդակի փակ, բութ տրավմա՝ փափուկ հյուսվածքների սալջարդով և աջից՝ հեմոպնևմոթորաքսով:


Առաջին ատյանի դատարանում Սեյրան Մկրտչյանն իրեն մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, որ դեպքի օրը իրենց տանը հաց է կերել և օգտագործել է օղի: Ժամը 20-ի սահմաններում հարսն ասել է, թե չի կարողանում լվացք փռել, քանի որ դրսում հայհոյանքներ են հնչում:





Ինքը գնացել է իրենց տանից մոտ քսան մետր հեռավորության վրա գտնվող «բեսեդկա», որտեղ մի խումբ տղաներ էին հավաքված: Նրանցից պահանջել է, որ հեռանան: Իրեն հայհոյել են: Ինքը գնացել է տուն, դանակ է վերցրել ու վերադարձել է՝ մտածելով, թե իր ձեռքի դանակը տեսնելով՝ տղաները կհեռանան: Դանակը չէր վերցրել ինչ-որ մեկին խփելու համար, այլ միայն ցանկանում էր վախեցնել: Սակայն Կարեն Փիլոյանը տեսնելով դանակը, ոտքով հարվածել է իր «դոշին», ինքը վայր է ընկել: Ապա վեր է կացել ու ցանկացել է դանակով խփել Կարենին, բայց նրա եղբայր Զորին առաջ է եկել, ինքը «սխալմամբ» նրան է դանակահարել:

Իր հարվածից Զորին վայր է ընկել, ինքը դանակը գցել է գետնին: Զորիին տարել են հիվանդանոց: Չգիտի, թե դանակն ով է տարել իրենց տուն: Զորիին դանակահարելուց հետո նրա եղբայրն իրեն ոտքով չի հարվածել: Ինքը տուն է գնացել, եկել են ոստիկանները, բայց իր վիճակը վատացել է, իրեն տարել են հիվանդանոց, որտեղ բուժվել է քսան օր:

Սեյրան Մկրտչյանն ասել է, թե չի հիշում՝ միջադեպի սկզբում ինքը Կարեն Փիլոյանին ապտակե՞լ է, թե՞ ոչ՝ հիշողության հետ խնդիրներ ունի: Չի հիշում նաև, թե ինչ ցուցմունքներ է տվել նախաքննության ընթացքում…

Նախաքննական ցուցմունքներից մեկում Սեյրան Մկրտչյանը հայտնել է, թե դեպքի օրը տանն է եղել, հաց է կերել ու օղի է խմել, երբ զանգել ու որդուն դուրս են կանչել: Շուրջ տասը րոպե անց դրսից բարձր ձայներ են լսվել: Ինքը դուրս է եկել ու տեսել, որ իրենց թաղամասի տաղավարի մոտ վեց-յոթ տղա կա, այդ թվում՝ Կարեն անունով «Չախալը»: Ինքը պահանջել է, որ տղաները ձայները կտրեն ու չհայհոյեն և մեկ անգամ «մեծավարի» ապտակել է «Չախալին»: Ինչ-որ մեկը իրեն «բիձա» է անվանել ու հայհոյել է: Ինքը դրանից զայրանալով՝ գնացել է տուն, վերցրել է դանակը ու դուրս է եկել: Դանակն իր ձեռքին է եղել, երբ «Չախալը» վազելով մոտեցել ու ոտքով հարվածել է իր դոշին: Ինքն ընկել է, վեր է կացել ու դանակով մեկ անգամ ուժեղ հարվածել է տղաներից մեկին, ով այդ պահին խանգարել է իրեն, որ դանակով հարվածի «Չախալին»: Ինքը խփել է այն տղային, ով իրեն «մայր» էր հայհոյել՝ դա եղել է Կարենի եղբայրը:

Դրանից հետո «Չախալը»՝ Կարեն Փիլոյանը, երկու անգամ «քացով խփել է իր դոշին», ինքն ընկել է, հետո որդու օգնությամբ ոտքի է կանգնել, գնացել է տուն, դանակն էլ դրել է տան պահարանի վրա: Դանակը հետո անձամբ հանձնել է ոստիկաններին…

Սեյրան Մկրտչյանը զղջացել է կատարածի համար, իսկ Կարեն Փիլոյանի նկատմամբ որևէ պահանջ առաջ չի քաշել՝ նշելով, թե նա ծնողազուրկ տղա է, իրենք էլ մի թաղի բնակիչներ են, նա մանկահասակ երեխաներ ունի…

Դատարանն արժանահավատ է համարել Սեյրան Մկրտչյանի այն ցուցմունքները, որոնցում նա հայտնել է, թե ինքը Զորի Փիլոյանին դանակով հարվածել է այն բանից հետո, երբ Կարեն Փիլոյանը ոտքով հարվածել է իր դոշին ու վայր է գցել: Երբ ինքը դանակով հարվածել է Զորիին, Կարենը կրկին ոտքով հարվածներ է հասցրել իր դոշին ու գցել է գետնին…


Կարեն Փիլոյանը նախաքննության ընթացքում իրեն մեղավոր է ճանաչել: Դատարանում նա իրեն մեղավոր չի ճանաչել, հայտնել է, թե դեպքի օրը իրենց թաղամասի «բեսեդկայում» տղաների հետ գինի է խմել: Երևի բարձր են խոսել, հնարավոր է՝ հայհոյանքներ էլ են եղել: Սեյրանը եկել է իրենց մոտ ու դիտողություն է արել: Ինքը նրան ամենամոտիկն էր գտնվում, նա «մեծաբար» իրեն ապտակել է, իսկ իր եղբայրը նրան հայհոյել է: Սեյրանը հեռացել է: Մինչև նրա գնալը ինքը նրան չի հարվածել: Հետո ինքը տեսել է, որ Սեյրանը վերադառնում է՝ դանակը ձեռքին: Իրենց պաշտպանելու համար ոտքով հարվածել է նրա դոշին, նա վայր է ընկել… Ինքը նպատակ չի ունեցել նրան վնասվածք պատճառելու: Դրանից հետո ինքը մի կողմ է գնացել ու լսել է եղբոր գոռոցը: Սեյրանն իր եղբորը հարվածել էր դանակով: Ինքը հարվածի պահը չի տեսել…

Կարեն Փիլոյանը պնդել է, թե Սեյրանին մեկ անգամ է ոտքով հարվածել՝ եղբորը դանակահարելուց առաջ: Նախաքննության ժամանակ Կարեն Փիլոյանը հայտնել է, թե Սեյրանին ոտքով հարվածել է այն բանից հետո, երբ նա դանակահարել է իր եղբայր Զորիին:

Նախաքննական ցուցմունքում Կարեն Փիլոյանը հայտնել է, թե ինքը մի պահ հեռացել է «բեսեդկայից», երբ վերադարձել է, տեսել է, որ եղբորը դանակով խփել էն, նրա «փորից աղիքները դուրս էին թափվել», իսկ Սեյրանը դանակը ձեռքին կանգնած էր: Հասկացել է, որ եղբորը նա է դանակահարել : Ինքը վազել է դեպի նա, ոտքով ուժեղ հարվածել է նրա դոշին, նա վայր է ընկել…

Առաջին ատյանի դատարանը դատական ակտում նշել է. «Կարեն Փիլոյանը, նպատակ ունենալով Սեյրան Մկրտչյանին դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը ներկայացնել որպես ինքնապաշտպանության սահմաններում կատարած արարք… հայտնել է, թե Սեյրան Մկրտչյանին ոտքով հարվածել է այն ժամանակ, երբ նա դանակով հարձակվել է իր վրա: Իսկ նախաքննության ընթացքում, այդ թվում՝ Սեյրան Մկրտչյանի հետ առերես հարցաքննության ժամանակ, նա հայտնել է, թե Սեյրանին ոտքով հարվածել է այն բանից հետո, երբ նա դանակով հարվածել է իր եղբորը… Կարեն Փիլոյանի պատճառաբանությունները, թե ինքը գործել է ինքնապաշտպանության սահմաններում, հիմնավորված չեն…»:

Դատարանը Սեյրան Մկրտչյանին ու Կարեն Փիլոյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Սեյրան Մկրտչյանը դատապարտվել է 3 տարի 6 ամիս, իսկ Կարեն Փիլոյանը՝ 3 տարի իրական ազատազրկման: Պատիժների սկիզբը՝ նրանց փաստական արգելանքի տակ վերցնելու պահից, եթե առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ մտնի:
Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել երկու ամբաստանյալների շահերի պաշտպանները:

Կարեն Փիլոյանի շահերի պաշտպան, փաստաբան Հ. Հովսեփյանը վերաքննիչ քրեական դատարանում հիմնավորելով իր բերած բողոքը՝ նշեց, թե իրականությունն այն է, որ Կարեն Փիլոյանը Սեյրան Մկրտչյանին ոտքով հարվածել է մինչև նրա կողմից իր եղբորը դանակահարելը:

Ըստ Կարենի՝ երբ Սեյրանը դանակը ձեռքին մոտեցել է իրենց, ինքը ոտքով խփել է նրա դոշին… Այս վարկածը համապատասխանում է Սեյրան Մկրտչյանի կողմից ներկայացված վարկածներից մեկին: Սեյրանը մանրամասներ է նշել, որոնք հաստատվել են գործի քննությամբ: Մասնավորապես՝ նա ասել է՝ երբ ինքը դանակը ձեռքին մոտեցել է հավաքված տղաներին, Կարենը ոտքով հարվածել է իրեն, ինքն ընկել ու աջ ձեռքը՝ դաստակի շրջանում, վնասել է: Այդ պատճառով դանակը աջ ձեռքից տեղափոխել է ձախ ձեռքը ու ձախ ձեռքով է հարվածել Զորի Փիլոյանին: Հաստատվել է բնորոշ վնասվածքների առկայությունը ինչպես Սեյրան Մկրտչյանի աջ ձեռքի դաստակի, այնպես էլ ձախ ձեռքի մատի շրջաններում:



Ըստ պաշտպանական դիրքորոշման՝ Կարեն Փիլոյանը գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, նրա գործողությունները իրավաչափ պիտի ճանաչվեն: Առկա է եղել իրական վտանգ, նա վնաս է պատճառել ոտնձգողին…

Ըստ պաշտպան Հ. Հովսեփյանի՝ առաջին ատյանի մեղադրական դատական ակտը պատճառաբանված չէ, իր պաշտպանյալ Կարեն Փիլոյանի նկատմամբ պետք է կայացվեր արդարացման դատական ակտ:

Այնուամենայնիվ, եթե վերաքննիչ դատարանը արդարացման դատական ակտ կայացնելու հիմքեր չգտնի, պաշտպանը միջնորդեց, որ մեղմացվի Կարեն Փիլոյանի նկատմամբ սահմանված «անարդարացի խիստ պատիժը»: Պաշտպանը նշեց, որ Կարեն Փիլոյանը վատառողջ է, այդ հիմքով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից, նրա խնամքին են երկու մանկահասակ երեխաները, չաշխատող կինը: Պաշտպանն ընդգծեց, որ առաջին ատյանի դատարանը Կարեն Փիլոյանի նկատմամն պատիժ նշանակելիս հաշվի չի առել տուժողի հակաօրինական վարքագիծը:

Պաշտպանը միջնորդեց բեկանել առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը, Կարեն Փիլոյանի մասով կայացնել արդարացման դատական ակտ, կամ՝ դատավճիռը փոփոխել պատժի մասով՝ մեղմացման առումով՝ Կարեն Փիլոյանի նկատմամբ նշանակել տվյալ հոդվածի տվյալ մասով նախատեսված նվազագույն պատժից ավելի մեղմ պատիժ և պայմանական դատապարտություն կիրառել:

Կարեն Փիլոյանը հայտնեց, թե ինքը ոչ մի դիտավորություն չի ունեցել Սեյրան Մկրտչյանին ծանր վնասվածք պատճառելու, ինքը միայն ցանկացել է պաշտպանվել. «Պաշտպանվելու համար եմ խփել, երբ Սեյրանը դանակով մոտեցել է… Նա դանակով առաջ էր գալիս… Խնդրում եմ հաշվի առեք նաև, որ երկու մանկահասակ աղջիկ ունեմ…»:

Սեյրան Մկրտչյանի շահերի պաշտպան, փաստաբան Վ. Սուղյանը

վերաքննիչ քրեական դատարանում նշեց, որ առաջին ատյանի դատարանը իր պաշտպանյալի նկատմամբ ակնհայտ խիստ պատիժ է սահմանել այն դեպքում, երբ Սեյրան Մկրտչյանը տվել է խոստովանական ցուցմունքներ, զղջացել է… Պաշտպան Սուղյանն էլ նշեց, որ Սեյրան Մկրտչյանի գործողություններն են պայմանավորված եղել Փիլոյան եղբայրների հակաօրինական, հակաբարոյական վարքագծով: Դատարանը հաշվի չի առել, որ Սեյրան Մկրտչյանի խնամքին մինչև 14 տարեկան մեկ երեխա կա:

Պաշտպանը պահանջեց Սեյրան Մկրտչյանի նկատմամբ սահմանել տվյալ հոդվածի տվյալ մասով նախատեսված նվազագույն պատժից ավելի մեղմ պատիժ և այն պայմանականորեն չկիրառել:

Սեյրան Մկրտչյանը վերաքննիչ դատարանում ասաց. «Ես հիշողությունից լավ չեմ… Ստեղ մի բան եմ ասըմ, մի կես ժամ հետո գալիս եմ՝ ուրիշ բան եմ ասըմ… Ես ինձ մեղավոր եմ ճանաչում…»:

Գործով մեղադրող Գ. Մանուկյանը պնդեց, թե առաջին ատյանի դատարանի դատավճիռը «շատ ճիշտ» դատական ակտ է… Ամբաստանյալները դեպքից հետո հաշտվել են, փորձել են իրար հարմարեցնել իրենց ցուցմունքները, Կարեն Փիլոյանն առաջ է քաշել պաշտպանության վիճակում գտնվելու վարկածը…

Գործով տուժող Զորի Փիլոյանը վերաքննիչ դատարան չէր ներկայացել: Մեղադրողն ասաց, որ նա առաջին ատյանի դատարան էլ չի ներկայացել: Զորիի եղբայրը՝ ամբաստանյալ Կարեն Փիլոյանը, դատարանի հարցին պատասխանեց, թե Զորին դեպքից հետո հեռացել է Հայաստանից. «Հիմա Հայաստանում չի, բուժվըմ ա՝ դիետաներով-բանով…»:

Դատական հաջորդ նիստի ավարտին վերաքննիչ դատարանը այս գործով որոշում կկայացնի:

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->