>

Անահիտ Բախշյանի հրապարակումը.

Ժողովուրդ ջան, տարածեք, ձեր կարծիքներն էլ գրեք, պետք է ոչ թե բարձրաձայնել, այլ՝ աղաղակել SOS, ՀՐԱՏԱՊ

Որպես ՀՀ քաղաքացի և մշակույթը չափազանց կարևորող մարդ, ահազանգում եմ ՀՀ վարչապետին, ՀՀ պաշտպանության նախարարին, ՀՀ մշակույթի նախարարին




Քոչարյանի զոհերը

Հարգելի պարոն Վարչապետ, հուլիսի 18-ին Ձեզ նամակ է ուղարկել ծնող Կարինե Ավագյանն այն մասին, որ իր տղային՝ Ռազմիկ Մարուքյանին, ով Ալ. Սպենդիարյանի մենապարող է, բազմաթիվ մրցանակներ շահած ու դրսում մեր երկիրը ներկայացրած տղա, տանում են բանակ ընդհանուր հիմունքներով, այն դեպքում, երբ տարկետում տալու թե՝ չտալու քննարկումների ժամանակ, որպես օրինակ խոսվել է հատկապես բալետի պարողների նկատմամբ զգույշ որոշում կայացնելու մասին:





Չգիտեմ, թե որ հանձնաժողովի եզրակացությունների հիման վրա է կայացվել այն որոշումը, որ տղան ծառայի ընդհանուր հիմունքներով: Չեմ հասկանում, ինչպե՞ս հաշվի չեն առել այս տղայի կենսագրությունը, չէ՞ որ հանձնաժողովը, հատկապես տարկետման վերաբերյալ եզրակացություն պետք է տա երիտասարդի կենսագրության մեջ նշված ձեռքբերումները հաշվի առնելով:

Չեմ հասկանում, ազնիվ խոսք, հարգելի հանձնաժողովականները տեղյա՞կ են, թե մեր օպերայի և բալետի թատրոնը քանի՞ նման շնորհալի մենապարող ունի և երիտասարդից որքան տարիներ, ջանք, աշխատասիրություն ու շնորհք է պահանջվել այդ բարձունքին հասնելու համար: Այս խնդրով հանձնաժողովին դիմել է նաև օպերայի և բալետի թատրոնի տնօրենը, սակայն, ըստ ծնողի, որոշումը մնացել է նույնը՝ տղան պետք է ծառայի ընդհանուր հիմունքներով:

Ի՞նչ է, Ռազմիկը Հայրենիքին չի ծառայո՞ւմ, երբ աշխարհի բեմերում ներկայացնում է Հայաստանը, անպայման Հայոց բանակու՞մ պետք է է ծառայի, որ իր պարտքը կատարի: Պատկերացնո՞ւմ եք Ռազմիկի ոտքերը 2 տարի լինեն կոշտ ու կոպիտ զինվորական ճտքավոր կոշիկների մեջ, որից հետո այլևս չկարողանա բեմ դուրս գալ, Հայաստանն էլ կորցնի նման արտիստի: Շահելու՞, թե՞՝ կորցնելու է մեր պետությունը: Պարոն Վարչապետ, չեմ կարող հավատալ, որ ի շահ մեր պետության Դուք ականջալուր չեք լինի այս հարցի լուծմանը, որը Հայաստանի մշակույթը պահպանելու և բալետային արվեստի շահերից բխող որոշում կլինի:

Շատ հետաքրքիր կլինի լսել այն հանձնաժողովի բացատրությունը, որը կայացրել է Ռազմիկ Մարուքյանին ընդհանուր հիմունքներով ծառայելու որոշումը, ովքե՞ր են նրանք, արդյո՞ք այդ որոշումը կայացնելուց առաջ խորությամբ ուսումնասիրել են տղայի կենսագրությունն ու տեղյա՞կ են այն խնդիրներին, որոնք տղան կունենա բանակում ընդհանուր հիմունքներով ծառայելուց հետո:


Չգիտեմ նույն հանձնաժողո՞վն է այս որոշումը կայացրել, որը որոշեց տարկետում տալ ՀՀ առաջին փոխվարչապետի օգնականին, թե՞՝ ոչ, հետաքրքիր է իմանալ:

Ըստ տղայի մայրիկի՝ Կարինե Ավագյանի հայտարարության, վաղը տղային արդեն զորակոչելու են, հուսամ մայրիկի նամակն արդեն կարդացել են պատկան մարմինների պաշտոնյաներն ու կվերանայեն իրենց որոշումը:

Ստորև Ռազմիկ Մարուքյանի կենսագրությունը:



<Ռազմիկ Արմենի Մարուքյանը, 2016թ.-ին ավարտել է Երևանի պարարվեստի պետական քոլեջը՝ բալետի արտիստ մասնագիտությամբ։ 2017թ.-ից աշխատում է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես մենապարող։ Մասնակցել է 2017թ. Բրյուսելում կայացած «Արաբեսկ» միջազգային մրցույթին, որտեղ գրավել է 1-ին տեղը՝արժանանալով նաև «Ամենից արտիստիկը» հատուկ պարգևին։2017թ. հունիսի 11-20-ը Մոսկվայի Մեծ թատրոնում կայացած Բալետի արտիստների և խորեոգրաֆների 13-րդ միջազգային մրցույթում նրան շնորհվել է «Մրցույթի դիպլոմանտ» պարգևը։ Նշեմ նաև, որ այդ մրցույթում 300-ից ավելի մասնակիցներից միայն 5-ը պարգևատրվեցին դիպլոմներով և մեդալներով, որոնցից մեկն էլ Ռազմիկն էր։ Մեծ թատրոնի շատ բալետմայստերներ բազմիցս հիացմունքով են արտահայտվել իր արտիստիզմի մասին։ Մի առիթով Ռուսական թատրոնի բալետմայստեր Յուրի Մայորովը նրան համարել է 2-րդ Ցիսկարձե։

Վերջերս էլ ԱՄՆ-ի Ջեքսոն քաղաքում չորս տարին մեկ անցկացվող INTERNATIONAL BALLET Competition մրցույթի ժյուրին նրան շնորհել է «Ժյուրիի համակրանք» մրցանակը: Մրցույթին մասնակցում էին 150 արտիստ 27 երկրից:

Թատրոնում, որպես մենապարող, հանդես է գալիս բոլոր ներակայացումներում՝ «Դիմակահանդես»,«Գայանե» ,«Սպարտակ» «Ժիզել» և այլն։ Այժմ ընդգրկված է շուտով Մոսկվայի Մեծ թատրոնում կայանալիք «Գայանե» բալետային ներկայացման մեջ՝ Գիքոյի դերապարով, որի մասնակցությանը խոչընդոտում է հուլիսի 20-ին, ընդհանուր հիմունքով, նրա բանակ զորակոչվելու հրամանը։ Ռազմիկը բազմաթիվ առաջարկներ է ստացել աշխատելու միջազգային ճանաչում ունեցող թատրոններում, սակայն մերժել է բոլոր առաջարկները, կարևորելով հայաստանյան բալետի զարգացման մաս կազմելը։
Նա այժմ 18 տարեկան է և կանգնած է լուրջ խնդրի առաջ։

Մի կողմից հայրենիքի պաշտպանությունն է, որից երբևէ չի խուսափել և այդ մասին բազմիցս նշել է իր ասուլիսներում, մյուս կողմից՝ ձեռք բերված կարիերան, որի համար խիստ կարևոր են շարունակական պարապմունքները և թատրոնում ներկայացումներին մասնակցելը։ Որպես ՀՀ վարչապետի, խնդրում եմ Ձեր աջակցությունը այս հարցում։ Եթե հարկ կհամարեք, կարող եմ ներկայացնել ներկայացնել բոլոր պարգևները։

Սպասում եմ Ձեր արձագանքին։ Կանխավ շնորհակալություն։

Դիմող՝ Կ. Ավագյան > 18.07.2018

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->