>

«Իրականում Հայաստանում ոչինչ չի փոխվել, միայն «իշխանիկների» տեղերն են փոխվել»,-  ԳԱԼԱ-ին տված հարցազրույցում ասել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արարատ Խանդոյանը: Նրա դիտարկմամբ՝ այսօրվա իշխանությունները, որ նախկինում բարձրաձայնում էին Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին, այսօր շարունակում են անազատության մեջ պահել նախկին իշխանության օրոք ազատազրկված քաղբանտարկյալներին:

«Հայաստանում ընդամենը փոխվել են իշխանիկների տեղերը, Հայաստանում ոչ մի բան չի փոխվել, սաղ նույնն ա։ Ընդամենը տականքները գնացել են, նորերը եկել են… Խի՞ իշխանիկներ, որովհետև նույն էսօրվա իշխանությունները, նախկինում որ գոռում էինք քաղբանտարկյալների վերաբերյալ… Ոչ մի իրավիճակ էլ չի փոխվել։  Նախկին իշխանությունների արած ապօրինությունների դեմն առնելու համար նոր իշխանությունները ոչ թե պետք է սենց շոուներ սարքեն, էս ժողովրդին սենց բերեն, որ մասնակից դարձնեն էս շոուներին, այլ դուռը բացելու էին ոչ միայն «Սասնա ծռերին», ոչ միայն «Նորքի» գործով տղաներին, այլև բոլորին»։

Արարատ Խանդոյանը, ինչպես իր մյուս թիմակիցները, շարունակում է արդարացնել զենքի կիրառումը քաղաքական հարցեր լուծելու նպատակով՝ պատմական էքսկուրսներ կատարելով, նշելով, թե իշխանություններն են միշտ ժողովրդի դեմ զենք կիրառել՝ սկսած 1996 թվականից։ Նա խոսում է նաև դատարանների ապօրինի վճիռների մասին, հիշատակում է՝ ինչպես է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել, որ նախկինում մի զանգով մարդիկ են դատապարտվել։ Խանդոյանը դեմ է հիմա ևս դատավորներին զանգերով արդարադատության հրամաններ իջեցնելուն։ Նա ավելի «կրեատիվ» գաղափար է առաջարկում։ «Ոչ դատ պտի լինի, ոչ դատաստան, մարդկանց մանիֆեստի պես պտի դուռը բացեն… Բոլոր կալանավորները նախկին իշխանությունների զոհն են»։




Քոչարյանի զոհերը

Հենց այդպես՝ ՊՊԾ գունդը գրաված  ու երեք ոստիկանների սպանության պատճառ դարձած խմբավորման՝ արդեն ազատության մեջ գտնվող անդամը հայտարարում է, որ պետք է մանիֆեստով բոլոր բանտարկյալները ազատ արձակվեն, քանի որ նախկին իշխանությունները եղել են ոչ լեգիտիմ։ Ընդ որում, հենց իրենք՝ «Սասնա ծռերի» անդամները, ազատության մեջ են հայտնվել գրեթե նույն սկզբունքով՝ ոչ մանիֆեստով, իհարկե, սակայն իրադրության փոփոխության պատճառով։





Սա Հայաստանում նման հանցագործությունների առնչությամբ կիրառված միակ հակաիրավական լուծումը չէ, այն ունեցել է նախադեպ։ Խոսքը, մասնավորապես, «Դրոյի» ու «Վահան Հովհաննիսյան և ընկերներ» անվանումը ստացած գործերով դատապարտվածների ազատ արձակման մասին է։ Ընդ որում, նմանությունները «Սասնա ծռերի» հետ չափազանց շատ են։ Ինչպես «Սասնա ծռերը», այնպես էլ այն ժամանակ դաշնակցականները զենքի կիրառումը հռչակել էին որպես քաղաքական պայքարի մեթոդ, սպառնում էին հաշվեհարդար տեսնել իշխանության ներկայացուցիչների հետ։ Ի վերջո, այդ գործերը պատճառ դարձան նաև Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության գործունեության կասեցման համար, որը համարվում էր ըստ էության տեռորիստական այդ խմբավորումների գաղափարական սնուցողը։

Եվ ինչպես հիմա՝ «Սասնա ծռերի» անդամները, այնպես էլ 1998 թվականին՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց հետո «Դրոյի» ու «Վահան Հովհաննիսյան և ընկերներ» գործերով դատապարտվածները ազատ արձակվեցին իրադրության փոփոխության պատճառով։ Երկու խմբավորումներին էլ միավորում էր նույն գաղափարական հենքը՝ զինված պայքարի ընդունումը որպես քաղաքական հարցեր լուծելու միջոց։


Այդ մասին, ի դեպ, օրերս միանգամայն ուղիղ տեքստով կրկին հայտարարեց նաև «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը՝ ասելով, որ թեև Հայաստանում իրավիճակ է փոխվել, սակայն անհրաժեշտության դեպքում կրկին կարող են դիմել զինված պայքարի օգնությանը։ Ընդ որում, Ենիգոմշյանը այդ հայտարարությունն անելիս ներկայացել էր որպես «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ, և հայտարարությունն էլ ընկալվեց այդ միավորի անունից։

Մինչդեռ «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամներից բոլորը չէ, որ կիսում են զինված պայքարի ընդունելի լինելու մոտեցումը։ Մասնավորապես, ճակատի անդամ՝ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը հիշեցնում է, որ դեռևս թավշյա հեղափոխության օրերին ինքը ճակատի անունից հայտարարել է, որ իրենք կողմ են միայն պայքարի խաղաղ մեթոդներին։ Այդուհանդերձ, «Հանուն Հայաստան պետության» ճակատի՝ «Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա ծռերի» հետ ասոցացվող անդամները շարունակում են կիսել զինված պայքարի ընդունելի լինելու մեթոդը, ինչը, ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, չափազանց վտանգավոր է։



Պետությունը, իշխանությունը պարտավոր է արձագանքել նման հայտարարություններին, քանի որ դրանք պետությանն ու հասարակությանը ուղղված ուղիղ սպառնալիքներ պարունակող հայտարարություններ են։ Ավելին՝ դրանց հեղինակները հայտարարում են, որ պատրաստվում են մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Իսկ դա նշանակում է, որ զենքը որպես քաղաքական պայքարի մեթոդ ընդունողները հավակնում են դառնալ օրենսդիր իշխանության մաս։

Այլ խոսքով՝ քաղաքական շղարշով պարուրված տեռորիզմը պատրաստվում է մուտք գործել Ազգային ժողով։ Մինչդեռ որևէ նորմալ երկրում նման գաղափարներ ունեցող ու այդ մասին հայտարարող խմբակներին օրենքի ուժով կարգելվեր մասնակցել ընտրություններին։ Բայց Հայաստանում նրանք ազատորեն գործում են ու պատրաստվում են առաջիկա քաղաքական զարգացումներին, ինչի մասին խոսել է նաև Արայիկ Խանդոյանը։ Իսկ դա նշանակում է, որ արդեն առաջիկայում, նախընտրական շրջանի մոտենալուն զուգընթաց, նրանց դեմ օրինական որևէ գործողություն կարող է որակվել որպես քաղաքական հետապնդում՝ դրանից բխող պետության համար բոլոր վտանգավոր հետևանքներով։

«Դրոյի» և դաշնակցականների մասնակցությամբ մյուս գործերը, դրանց պատճառով ՀՅԴ-ի կասեցումը մեծ հարված են հասցրել Հայաստանի հեղինակությանը 1990-ականներին։ «Սասնա ծռերի» գործունեության շարունակությունը նույն գաղափարներով ու մեթոդներով նույնպիսի սպառնալիք է ներկայացնում Հայաստանի համար։ Պետությունն իր չեզոքությամբ նպաստում է այդ սպառնալիքի հասունացմանը։

Լուսանկարը՝ Photolure-ի

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->