>

Իմ շատ հարգելի Աիդա Ներսիսյանը գրել է. «Էս ինչքա՜ն մարդ կա Նիկոլից վառված, ես չգիտեի…»։ Ցավոք, այո, այդպես է։ Հայի նախա՜նձը, ա՜խ, այդ նախա՜նձը։ Քանի՜-քանի տասնյակ, այսպես կոչված, ընդդիմադիր գործիչներ տապակվում են իրենց յուղի մեջ՝ ինչո՞ւ Նիկոլը և ոչ թե ես… Քանի՜-քանի չկայացածների նշանառության տակ է հայտնվել և դեռ հայտնվելու է Նիկոլը։ Բայց իմ այս գրառումը նրանց չէ ուղղված, այլ ամենափոքր մի բանից հիասթափվող, լուն ուղտ դարձնող իմ ընկերներին։

Հարգելիներս, սա համազգային, համաժողովրդական շարժում է, և սա թերևս մեր ամենավերջին շանսն է՝ կմնա՞նք աշխարհի քարտեզի վրա, թե՞ կհեռանանք ընդմիշտ։ Արդեն համարյա վերանալու ճամփին էինք։ Միայն հրաշքը կարող էր մեզ փրկել։ Ես հրաշքների հավատացողներից չէի և չե՛մ, բայց կարծես եղավ այդ հրաշքը։




Քոչարյանի զոհերը

Նիկոլին վաղուց եմ ճանաչում, ըստ իս, լավ էլ գիտեի Նիկոլին, բայց իմ մտքով երբեք չի անցել, որ այդ հրաշքն իրականացնողը կարող է նա լինել։ Այս երկու շաբթում ես տեսա մի այլ Նիկոլի, որին չգիտեի՝ քաղաքական ծրագիր ունեցող, կշռադատված, նպատակասլաց, անձնազոհ, դիվանագետ, իրադրությունն ակնթարթորեն գնահատող գործչի…




Ոմանք արդեն փորձում են Նիկոլին համազգային շարժումից տարանջատել, Նիկոլին մի կողմ քաշել՝ դե սա ժողովրդի շարժումն է, ոչ թե Նիկոլի կամ՝ Նիկոլը հազարավորներից մեկն է և այլն։ Ո՛չ, սա հենց Նիկոլի՛ շարժումն է։ Այս ամենի կայծը, շարժիչը, հեղինակը հենց նա եղավ։ Նա քաղաքական դաշտում քուջուջ անող բոլորից առանձնացավ, բոլորից տարբեր է։ Նա քաղաքական գործիչ է, դեմք է, որ մինչ այդ մենք չունեինք։

Ես չեմ կարող գուշակություններ անել. չեմ կարող հստակ ասել՝ վաղն ինչո՞վ կավարտվի արդեն պատմական դարձած 2018 թ. ապրիլյան այս շարժումը, որ շա՜տ նմանություն ունի 30 տարի առաջ՝ 1988-ի մեր Ազգային զարթոնքի հետ։ Այն ժամանակ որքա՜ն սխալներ եղան, որի արդյունքը այս վիճակն է։ Անշուշտ հնարավոր է նոր սխալներ կատարենք, բայց գոնե պիտի կարողանանք նախկին սխալները չկրկնել, իսկ կատարածն էլ՝ շտապ ուղղել։


Առայժմ նման սխալներ չեն կատարվել, սխալ նկատելու դեպքում պետք է անմիջապես բարձրաձայնել։ Անկախ նրանից՝ Նիկո՞լն է այն կատարել, թե՞ մեկ ուրիշը։ Բայց պետք չէ ամենաաննշան մանրուքը մատի փաթաթան սարքել և միանալ Նիկոլի «ցավով տառապողներին»։ Դրանով մենք ոչ միայն նրան ենք վնասելու, այլև մեր այս համազգային շարժմանը։ Հետկապես երբ տականքն ամեն վայրկյան թիկունքից փորձելու է հարվածել շարժմանը, երբ զօր ու գիշեր որոգայթներ է որոճում, որպեսզի կառչած մնա աթոռին, չկորցնի թալանը։

Միամիտ չլինեք։ «Բարգավաճը» ժողովրդին շատ սիրելուց չի Սերժի հրաժարականից րոպե առաջ միացել ժողովրդին, նրանց մեջ արդեն շրջանառվող «մեր թեկնածուն Ծառուկյանն է»-ն արդեն ամեն ինչ ասում է, Պետրոսի նենգ հարցերը, Նիկոլին վարկաբեկելու թունոտ փորձերն ապացուցում են, որ նրանցից ամեն ստորություն սպասելի է։ ՀՅԴ-ն ևս պատահական չի վերջին պահին վազել ժողովրդի «գիրկը». մեջտեղ դարձյալ թալանը պահելու խնդիր կա։ Առջևում դեռ այնքա՜ն դժվարին ճանապարհ կա։


Ձգտեք հնարավորինս վեր, հնարավորինս բարձր կանգնել ինքներդ ձեզնից։ Հարգելիներս, այս շարժումը նաև ձերն է, և այս ամենը ձեր, ձեր զավակների ու ձեր թոռների համար է արվում…

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

Աղբյուր՝ Hraparak.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->